Դպրոցի պատմություն

Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցը հիմնադրվել է 1973 թվականին:

1994 թվականին դպրոցն անվանակոչվեց արևմտահայ մեծ բանաստեղծ Սիամանթոյի /Ատոմ Յարճանյան/ անունով: Երևանի խոշորագույն կրթօջախներից մեկն է` հարուստ կենսագրությամբ,  ստեղծած բարի ու մնայուն ավանդույթներով ու անցած ճանապարհին գրանցած փառավոր էջերով:

Դպրոցն ունի կրթական նոր պահանջներին համապատասխանող 9 մասնաշենք` կրթական անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած:

Դպրոցի հիմնադիր տնօրենը եղել է ՀՍՍՀ վաստակավոր ուսուցիչ Գրիգոր Մաթևոսի Մաթևոսյանը, ով նորաստեղծ մանկավարժական կոլեկտիվի հետ դրել է կրթօջախի պատմության հիմնաքարը: Իզուր չէ, որ հիմնադրման օրվանից ի վեր, առավելևս` վերջին տարիներին Երևանի նորաստեղծ թաղամասի հազարավոր երեխաների համար Սիամանթոյի անվան դպրոցը դարձել է նախընտրելի կրթօջախ: Հիմնադիր տնօրենի  գործը շարունակել է դպրոցի փոխտնօրեն Սիլվա Վահանի Հակոբյանը: Տնօրենի, մանկավարժական կոլեկտիվի եռանդն ու նվիրումը ըստ արժանվույն գնահատվեցին: 2001-2002 ուստարում ՀՀ Կրթության վարչության կողմից դպրոցն արժանացել է կոչմանը: 2004-2005 ուստարում տնօրեն Սիլվա Հակոբյանը արժանացել է «Տարվա լավագույն տնօրեն» կոչմանը:

2008թ. դպրոցի ղեկավարությունը ստանձնեց այժմ արդեն մանկավարժական  գիտությունների թեկնածու Աննա Համլետի Ստեփանյանը, ում գլխավորությամբ աշխատում է մանկավարժական կուռ, բանիմաց ու համերաշխ կոլեկտիվ: Պահպանելով դպրոցում ստեղծված լավագույն ավանդույթները` Ա. Հ. Ստեփանյանը դրանց ավելացնում է նորերը:
Դպրոցն իրականացնում է ներառական կրթություն՝ առաջնորդվելով անհատի հավասարության, ներդաշնակ ձևավորման և հանդուրժողականության սկզբունքներով:

2015 թվականին բարերար Աննա Քոչարյանի հովանավորությամբ, ի նշանավորումն Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի, դպրոցի բակում կանգնեցվեց Սիամանթոյի կիսանդրին /քանդակագործ Տիգրան Արզումանյան/: Դպրոցն ունի Սիամանթոյի բառերով գրված իր օրհներգը, որի երաժշտության  հեղինակը Դանիել Երաժիշտն է և նրա ղեկավարությամբ էլ այն առաջին
անգամ դպրոցի կամարների ներքո հնչեց:

Սիամանթոյի անվան կրթօջախը արձանագրել և արձանագրում է ուսումնադաստիարակչական բարձր որակներ,  արժանացել է ԿԳ, մշակույթի և սպորտի նախարարությունների, քաղաքապետարանի կողմից սահմանված մի շարք մրցանակների:

Արժևորելով կիրթ և դաստիարակված անհատի ձևավորումը՝ դպրոցը միշտ էլ կարևորել է և անցկացրել է  բազմաբովանդակ և տարաբնույթ միջոցառումներ:


Դպրոցի համար ամենամեծ և կարևոր կրթաիմացական միջոցառումը ամեն տարվա ապրիլին Սիամանթոյին նվիրված շաբաթի անցկացումն է, որին ի դեպ, դպրոցի աշակերտներից զատ մասնակից են դարձել այլ կրթօջախի սաներ, խրախուսվել և մրցանակների արժանացել: Ավանդական են դարձել նաև անկախությանը, բանակին, մայրենիին, ֆրանկոֆոնիային  նվիրված միջոցառումները: Մեծ հաջողությամբ կազմակերպվել են «Ձոն խաղաղության և սիրո», «Էրեբունի – Երևան», «Կոչեմ ապրողաց», «Հոգեվարքի և հույսի ջահեր», «Արդարության, զորության վաղորդայնին», «Ցավի գույնը», «Ե՛վ ամոքիչ, և՛  երգացան» (Կոմիտաս), ռուսական երգի փառատոն խորագրով միջոցառումները: Այս շարքը երկար կարելի է շարունակել:

Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը  հաջողությամբ  արձանագրել և արձանագրում  է կրթական  բարձր որակ, ինչի համար դպրոցի տնօրեն Ա. Հ. Ստեփանյանը վարչապետի կողմից արժանացավ հուշամեդալի: